ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

«Երկնքից, աղավնիների տեսքով, աղոթքներ են իջնում»

«Երկնքից, աղավնիների տեսքով, աղոթքներ են իջնում»
15.04.2016 | 09:52

Եգիպտական մի ֆիլմ եմ դիտել. երիտասարդ կինը փորձում է փակել տան դուռը, բայց ապակուն փոխարինող պաստառը փոքր է, ոնց տեղաշարժում է, դռան մի անկյունը բաց է մնում, ու երեխաները մրսում են: Զոլաքարցի ենթասպայի տանը, ասում են, մի տեղ դուռ չկա, մի տեղ՝ լուսամուտ, մի տեղ ցելոֆան է խփած: Քյարամենց տունն անծածկ է, խոնավ, հատակը` հողե... Իրենց չապրած կյանքն այս տղաները հայրենիքին տվեցին: Հիմա երկրիս դուռն ու լուսամուտը, թվում է, տեղ-տեղ ցելոֆանից են, տանիքը` անծածկ: Մի տեղ դուռ չկա, մի տեղ՝ լուսամուտ: Բաց տանիքից` երկնքից, աղավնիների տեսքով, աղոթքներ են իջնում. քսանվեցն են, քառասունչորսը, յոթանասունը կամ ավելին...
Մեր թաղամասում երեք հերոս կա: Մեր բակի հերոսը դեռ երեկ բակը լցնում էր խաղալիք մեքենայի անիվների բզզոցով: Հիմա զինվորական քայլերգի հնչյուններն են տարածվում բակով մեկ: Մայրն ասում է` հերոս չեմ ուզում, տղայիս եմ ուզում: Մենք զոհ չենք ասում, զինվոր չենք ասում: Ասում ենք` մեր հերոսները: Մեր հերոսներին անուններով գիտենք ու սխրանքներով` տանկերի հերն անիծող, ուղղաթիռ խփող, հրամանատարին չլքող...
Հեռուստատեսությամբ հաղորդում են փոխանակած մարմինների անարգման մասին, չբացառելով, որ հայ զինվորների մահը վրա է հասել խոշտանգման պատճառով: Ես մտածում եմ, որ մայրերը դեռ երկար ժամանակ հեռուստացույց չեն նայի: Երկար ժամանակ Երևանի տոնը չենք նշի: Սուգ չենք հայտարարի: Բոլորն են սգում: Հիշում և հպարտանում: Մեր քաղաքն անիմաստ պաստառներով չենք զարդարի: Կենդանի պատով մեզ մեզնից չենք պաշտպանի: Տոնածառ չենք ջարդի: Մայրերին չենք քաշքշի: Երկիրը չենք թալանի: Ասֆալտը չենք ուտի:
Քսաներկու տարի ձգվող ժամանակավոր զինադադարը մեզ ոչինչ չսովորեցրեց:
Քառօրյա պատերազմ էր պետք` մեր հողին սպառնացող վտսնգը հասկանալու համար: Մեր դուռն ու տանիքը ծածկելու համար: Մեր արյան մեջ ապրող հայրենիքը զգալու համար: Մեր միջի հերոսին ճանաչելու համար: Ո՞վ էր ասում՝ հերոսների ժամանակն անցել է: Հերոսի ժամանակը դեռ գալու է: Հայաստանը Հերոսի հայրենիք է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարը՝ Դավիթ ՇԻՐԻՆՅԱՆԻ

Դիտվել է՝ 1560

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ